


Գյումրիում Ավետիսյանների տանը բոլոր կրակոցներն արձակել է մեկ մարդ: Այդ մասին վկայում են դատաբժշկական և գենետիկական փորձաքննության արդյունքները: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում հաղորդել է Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը, համադրելով սենյակների դասավորությունը, կրակոցների ուղղությունը, հագուստի վրայի ԴՆԹ հետազոտության արդյունքները, պարզ է դառնում, որ կրակել է մեկ մարդ` ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը:
Փաստաբան Երեմ Սարգսյանն իր հերթին հավելել է, որ Ավետիսյանների տան վառարանի վրա հայտնաբերվել է Պերմյակովի ծխախոտի մնացորդը: «Տանը հայտնաբերված և սպանության հետ առնչություն ունեցող բոլոր իրերի վրա հայտնաբերվել են Պերմյակովի ԴՆԹ հետքերը», - նշել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների ընտանիքը, որի համար ի սկզբանե կասկածվում է 102-րդ ռուսական ռազմակայանի տանկիստ Վալերի Պերմյակովը: Հունվարի 12-13-ի գիշերը ռուսական սահմանապահները նրան բռնել են Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մերձակայքում և տեղափոխել 102-րդ ռազմակայան, ինչից հետո հայտարարվել է, որ Պերմյակովի գործը կքննեն Ռուսաստանի իրավապահ մարմինները և ՌԴ դատարանը:



