ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է, որ բոլոր ջանքերը կներդնի եւ կաջակցի իշխանություններին՝ սահմանադրական հանրաքվեն Կոտայքի մարզում բարեհաջող անցկացնելու համար: Այդ մասին գրում է ՙՀայկական ժամանակ՚ թերթը:
ՙՀենց սրա դիմաց էլ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ: Սույն պայմանավորվածության շրջանակներում էլ երեկ ՀՀԿ շարքերից հեռացվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ով ՀՀԿ-ԲՀԿ լարվածության շրջանում մարզում մեծապես աջակցել է ՀՀԿ-ին՚,- գրում է թերթը:
2014 թ. ապրիլի 10-ին Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մշակման հանձնաժողովը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների նախագծի հայեցակարգի նախնական տարբերակը, որի հիմնական ինտրիգը, ինչպես ավելի վաղ շրջանառվում էր, Հայաստանի կառավարման խորհրդարանական ձևի անցման մասին առաջարկությունն է:Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է խորհրդարանի վերահսկողական լիազորությունների ընդլայնում, օրենսդիր մարմնին յոթ տարի ժամկետով նախագահ ընտրելու իրավունքի շնորհում: Նախագծի հեղինակները, մասնավորապես, առաջարկում են փոփոխություն կատարել երկրի նախագահի ընտրության համակարգում և պետության ղեկավարի ուղիղ ընտրությունները փոխարինել միջնորդավորված ընտրություններով, որոնց դեպքում նախագահին ընտրում է Ազգային ժողովը` 7 տարի ժամկետով: Այդպիսով, նախագահի դերը, նոր բարեփոխումների համաձայն, հանգեցվում է բացառապես դատավորի դերի, որը, ըստ էության, գործադիր ոչ մի լիազորությամբ օժտված չէ: