Արմինֆո. Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ է առաջադրել և առաջադրելու է։ Այդ մասին դեկտեմբերի 11-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա ասելով ՝ աշխարհում չկա մարդ, ով խաղաղություն չցանկանա, և դա բնական ցանկություն է: Այդ իսկ պատճառով ասել, թե ընդդիմությունն դեմ է խաղաղությանը, պարզապես, անհեթեթություն է։ "Խնդիրն այն է, թե փոխարենն ինչ է պահանջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և ինչի է համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երկու "մտերիմ" և "կառուցողական" գործընկերները: Իրադարձությունների այնպիսի զարգացման դեպքում, ինչպիսին հիմա է, դա կլինի ոչ թե խաղաղություն, այլ վերջնական պարտության և կապիտուլյացիայի շուրջ պայմանագիր", - ասել է Խաչատրյանը՝ մատնանշելով խաղաղության պայմանագրում ռևանշիստական տրամադրություններից հրաժարվելու դրույթ ներառելու անհրաժեշտության մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները։
"Հետաքրքիր է, իսկ ինչպես է Ալիևը գնահատելու, թե որտեղ է ռևանշը, որտեղ ՝ ոչ ։ Արդյո՞ք նա, օրինակ, ֆրանսիական "Բաստիոնների" մատակարարումը Հայաստան կդիտարկի որպես ռևանշի ձգտում, թե՝ ոչ ՝ նոր հարձակում գործելով Հայաստանի վրա։ Ըստ էության, մի քերկու տարի առաջ Ալիևն ինքն էր հայտարարում, որ Հայաստանի ռազմական ներուժի ավելացման դեպքում Բաքուն կհարվածի, անկախ այն հանգամանքից, թե՝ ռազմական տեխնիկան գտնվում է առաջնագծում, թե խորը թիկունքում։ Խաղաղությունն ու ռևանշը հարաբերական հասկացություններ են", - ընդգծել է ընդդիմադիրը, հավելելով, թե՝ որքան էլ Հայաստանի ներկայիս իշխանությունները համաձայնեն Ադրբեջանի նոր պահանջներին, Ալիևի ախորժակը կմեծանա։
Ընդդիմադիրը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահն անպայման Հայաստանին կպարտադրի մի փաստաթուղթ, որը լի կլինի անորոշություններով, որպեսզի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը հիմք հանդիսանա տարբեր մեկնաբանությունների և ՀՀ-ի դեմ հետագա նոր ագրեսիայի համար:
Խաչատրյանը նշել է, որ Ալիևը Հայաստանի իշխանություններից պահանջել է մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին, և նրանք աստիճանաբար մոռանում են այն: Իսկ դրա համար պաշտոնական Երևանին հարկավոր է լուծարել արցախյան բոլոր կառույցները։ Ընդդիմադիր գործիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչել է իր անկախությունը համաժողովրդական հանրաքվեով, և ոչ մի պաշտոնյա չի կարող իր հրամանագրով լուծարել այն: