


Սիրիական պատերազմի չորս տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի կառավարությունը հայտարարում է՝ առաջնային է ոչ թե համայնքի պահպանման, այլ սիրիահայերի փրկության հարցը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ՙԱզատությանը՚ տված հարցազրույցում ասաց՝ արդեն ժամանակավրեպ է խոսել գաղութի հետագա պահպանման մասին, երբ տեղում վիճակը գնալով վատանում է։ ՙԱրդեն, ցավոք սրտի, շատ բան է կորսված, սրանք վերջին հուսահատական ճիչերն են։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ այնտեղ հանգստություն, խաղաղություն լիներ, համայնքը վերագտներ իրեն, բայց ցավով եմ ասում՝ այսօր ավելի բացասական է իմ կարծիքը համայնքի լիաթոք գործունեության առումով։ Կարծում եմ՝ երբ խնդիրը կյանքի և մնացած հարցերի միջև է, իհարկե, կյանքը պետք է փրկել, կյանքից ավելի թանկ բան չկա՚,- ասել է նախարարը։
Հալեպահայերի հարցն անցած շաբաթ բարձրացրեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է տարհանել Սիրիայում մնացած հայ երեխաներին։ Հակոբյանն ասում է՝ Հայաստանի կառավարությունը պետք է ելքեր գտնի՝ օգտակար լինելու նրանց, ովքեր ցանկություն ունեն դուրս գալ պատերազմական գոտուց։ Նախարարն ասում է՝ աջակցության ուղիները քննարկման ենթակա են։
ՙԳումար ուղարկելն ամենահեշտն է։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ արդյոք օդանավի անվտանգության հարցերը որևէ մեկը կվերցնի՞ իր վրա, կապահովի՞ օդանավի թռիչքը։ Դա արդեն ես չեմ կարող ասել, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարությունները պետք է սրա պատասխանը տան։ Պետք է տրվի իրավիճակի գնահատականը։ Սա բոլորիս, կառավարության, պատկան կառույցների խնդիրն է, սա մեկ կառույցի խնդիրը չէ՚,- ասել է Հրանուշ Հակոբյանը։
Հայաստանի կառավարությունից հույսը կտրած, այժմ տասնյակ սիրիահայեր իրենք են դրամահավաք նախաձեռնել հայրենակիցներին Հալեպից դուրս բերելու համար։ ՙՀալեպ՚ բարեգործական կազմակերպությունը նշում է, որ իրենց բազմաթիվ սիրիահայեր են դիմել՝ խնդրելով դեպի Հայաստան ավիատոմս գնել:



