Արմինֆո. Դեկտեմբերի 7-ին Բաքվում սկսվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի Քարվաճառի ուղղությամբ գերեվարված հայ զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործի քննությունը:
Բաքվի խամաճիկային արդարադատության կողմից Ոսկանյանին առաջադրված մտացածին մեղադրանքների ("ահաբեկչություն") հոդվածներից մեկով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, մյուս հոդվածներով՝ մինչև 20 տարվա ազատազրկում։ Բնականաբար, Ոսկանյանն իրեն մեղավոր չի ճանաչել։
Նշենք, որ հայ պահեստազորայինը թշնամու կողմից գերեվարվել էր այս տարվա օգոստոսի 16-ին։ Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 206.3.2 (մաքսանենգություն), 214.2.1 (ահաբեկչություն) և 318.2 (սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:
Ինչպես հայտնի է դարձել Հայաստանի ՊՆ-ից, օգոստոսի 16-ին Ոսկանյանն ինքնակամ լքել է ծառայության վայրը և, մոլորվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող օկուպացված Քարվաճառի տարածքում: