Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը, շուրջ երկու տարի դատական պարզաբանումներից հետո, դեկտեմբերի 6-ից վերականգնվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում:
«Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործով վճիռը և ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով` 1. Նանե Ասատրյանին 2023 թվականի դեկտեմբերի 6-ից վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում: 2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ հրապարակումից հետո անհապաղ սույն որոշման մասին պատշաճ կարգով իրազեկել Նանե Ասատրյանին» - ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Ասատրյանը մարզպետի տեղակալի պաշտոնն զբաղեցրել էր 2018 թվականին և պաշտոնից ազատվել էր 2021 թվականի հունիսին՝ դեկրետային արձակուրդ գնալուց 20 օր առաջ: Աշխատանքից ազատվելու պատճառը նրան այդպես էլ չէին նշել, իսկ մարզպետ (այդ պահին) Արարատ Գրիգորյանը միայն հաղորդել էր, որ քաղաքական թիմի որոշումն է այդպիսին: Փոխմարզպետը դիմել էր առաջին ատյանի դատարան, որը, վկայակոչելով ՀՀ ծառայության մասին օրենքը, մերժել էր հայցը: Որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում: 2023 թվականի մարտի 3-ին դատարանը հօգուտ Ասատրյանի վճիռ էր կայացրել ։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էին ներկայացրել ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Վայոց ձորի մարզպետը: Սակայն նրանց բողոքը մերժվել էր, Վճռաբեկ դատարանն ուժի մեջ էր թողել Վերաքննիչ դատարանի որոշումը: