Արմինֆո.Ներկայիս իշխանության օրոք, ի տարբերություն նախորդների, քաղաքական գործիչներին չեն սպանում շենքերի մուտքերի մոտ: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Քոչարյանի հարցին:
"Գործող կառավարությունը, ձախողելով երկրի կառավարումը, կրելով մարդկային և տարածքային հսկայական կորուստներ, մշտապես շեփորում է ժողովրդավարության մասին։ Ժողովրդավարությունը, իհարկե, լավ է, և պետք է ձգտել դրան։ Հարցս այն մասին է, թե արդյոք դուք ուսումնասիրել եք, թե ուրիշ որ ժողովրդավարական երկրներում, որոնց ձգտում եք, մարդկանց նստեցնում են սոցցանցերում գրառումների համար, արդյո՞ք այնտեղ այլախոհության համար հետապնդում են",- հետաքրքրվել է Քոչարյանը։
"Մենք չենք կարող հետևել բոլոր երկրների վիճակագրությանը, բայց կարող ենք համեմատել նախորդ ժամանակաշրջանի վիճակագրության հետ: Եվ կարող ենք, օրինակ, ասել, որ շքամուտքերի մոտ քաղաքական գործիչներին չեն սպանում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունների արդյունքները չեն կեղծվում, փայ չեն մտնում ուրիշի բիզնեսում, "Եռաբլուրում" հողամասեր չեն սեփականաշնորհվում", - ասել է Փաշինյանը։
Միաժամանակ, կառավարությունը հետևում է միջազգային զեկույցներին և վարկանիշներին, որոնք արդեն հինգերորդ տարին անընդմեջ արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում: "Արդյո՞ք մեր ժողովրդավարությունն անթերի ենք համարում: Ոչ, չենք համարում, բայց չեմ կասկածում, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում մենք կհասնենք անկախ արդար դատական համակարգի մեր գաղափարին", - ասել է նա։
Կրտսեր Քոչարյան, ի պատասխան, կոչ է արել կոնկրետ հարցին պատասխանել եւ դադարել վերհիշել նախորդ տարիների իրադարձությունները, նկատելով, որ "այդպես կարելի է հասնել նաեւ ստալինյան ժամանակներին": Նա հիշեցրել է նախորդ տարի հղի Սոնա Մնացականյանին վարչապետի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկելու մասին։ Ինչ վերաբերում է անկախ դատական համակարգի կայացման մասին պնդումներին, ապա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, բոլորը հետևում են, թե ինչպես են դատավորները "տպում" գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսների դատավճիռները:
Վարչապետն էլ, իր հերթին, հիշել է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկված Պողոս Պողոսյանի ողբերգական մահը "Պոպլավոկ" սրճարանում։ "Իմ սահմանադրական պարտականությունն է պատասխանել խորհրդարանականի հարցերին: Թե որքանով է դա ձեզ բավարարում, ձեր գնահատականն է։ Իսկ ես տալիս եմ այն պատասխանը, որը դուք պետք է ընդունեք ի գիտություն", - եզրափակել է կառավարության ղեկավարը