Արմինֆո. Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմ չի ծրագրում։ Այդ մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվի ADA համալսարանում միջազգային խորհրդաժողովի մասնակիցների առջեւ։
"Մենք Հայաստանի տարածքը օկուպացնելու ծրագրեր չունենք, թեև մեզ պարբերաբար մեղադրում են դրանում։ Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ես դրա մասին բացահայտ եմ ասում, և դա մեզ համար մեծ խնդիր չէ։ Մենք դա չենք ուզում", - ասել է Ալիեւը, որը, հավանաբար, մոռացել է, որ արդեն այսօր Հայաստանի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հնարավորությանը՝ նա ասել է, թե, իբր, դրա համար խոչընդոտներ չկան։ "Նրանց բնակարաններն ու տները պահպանված են։ Նրանք կարող են վերադառնալ Ադրբեջանի օրենքների շրջանակներում", - ասել է նա, միաժամանակ, որպես պայման անմիջապես առաջ քաշելով Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը։ Ընդ որում, նա ոչինչ չի հիշատակել ավելի քան 500 հազար հայերի մասին, որոնք փախել են Ադրբեջանի իրենց տներից նախորդ դարի 90-ական թվականների սկզբին՝ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ջարդերի ֆոնին:
Անդրադառնալով խաղաղ կարգավորման հեռանկարներին՝ նա նշել է, որ ի սկզբանե հայկական կողմը փորձել է պայմանագրի տեքստում ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին հիշատակում, ինչն իրենց կողմից մերժվել է և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայման է դրվել:
"Ուստի, եթե տեքստում ներառվում է Ադրբեջանում հայկական փոքրամասնության մասին հարցը, ապա պետք է ներառվի նաև Հայաստանից վտարված ադրբեջանցիների հարցը, որոնք նույնպես իրավունք ունեն վերադառնալ, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը նույնպես պետք է ապահովվեն", - ընդգծել է Ալիևը: "Ցավոք, հայկական կողմը մերժել է դա", - հավելել է նա, արձանագրելով, որ սեպտեմբերի 19-ից հետո (Արցախի օկուպացիայից-խմբ.) պարզ դարձավ, որ խաղաղության պայմանագրում լինելու է երկու փոքրամասնության մասին կետ, կամ այդ կետն, ընդհանրապես, չի լինելու։