Արմինֆո. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, սենատոր Բեն Քարդինը նամակ է հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով նրան շարունակել ջանքերի կենտրոնացումը Ալիևի վարչակազմին պատասխանատվության ենթարկելու վրա՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար, և շարունակել ԱՄՆ-ի աջակցությունը այն հայերին, որոնք ստիպված են եղել լքել տարածաշրջանը:
Կոմիտեի կայքում զետեղված հաղորդագրությունում ներկայացվում է Բլինքենին ուղղված Քարդինի նամակը, որում, մասնավորապես, ասվում է. "Մինչ այլ վայրերում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունները շեղել են ողջ աշխարհի ուշադրությունը, ես գրում եմ, որպեսզի համոզվեմ, որ մենք նախկինի պես կենտրոնացած ենք Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու վրա՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նրա լկտի արշավի համար, եւ շարունակում ենք աջակցել հայերին, որոնք ստիպված են եղել փախչել:
Ինչպես քաջատեղյակ եք, 2023 թվականի սեպտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը սկսեց ռազմական արշավ, որի արդյունքում ավելի քան 100 000 հայեր ստիպված եղան լքել իրենց տները, և որի ընթացքում, ինչպես հաղորդվում է, ադրբեջանական ուժերը սպանել և վիրավորել են խաղաղ բնակիչներին։ Այդ հարձակումները ոչ միայն 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրի ակնհայտ խախտում էին, այև, իննչպես հաղորդվում է, ուղեկցվել են նողկալի վայրագություններով":
Սենատորը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչ ռազմական ներխուժումը Ադրբեջանը, փաստորեն, իրականացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար շրջափակում՝ խոչընդոտելով պարենի, դեղորայքի և հիմնական հումանիտար բեռների առաքմանը: "Շրջափակումից զատ, Պետդեպարտամենտի՝ Մարդու իրավունքների վերաբրեյալ 2022 թվականի զեկույցում բազմաթիվ տեղեկություններ են բերվում այն մասին, որ ադրբեջանական ուժերը կատարում են հայերի արտադատական սպանություններ։ Ավելին, ինչպես սեպտեմբերից առաջ, այնպես էլ՝ հետո Ադրբեջանը շարունակել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների զավթման և ոչնչացման լավ փաստագրված պրակտիկան՝ շարունակելով ջանքեր գործադրել հայոց պատմությունն ու մշակույթը ոչնչացնելու ուղղությամբ: Թեեւ Ադրբեջանը մինչ օրս պահպանում է 2023 թվականի սեպտեմբերի 20-ի հրադադարի պայմանները, ես նախկինի նման խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը կարող է հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական օգուտների հասնելու համար, հատկապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նկատմամբ", - շարունակել է սենատորը։
Քարդինի խոսքով ՝ չափազանց կարեւոր է, որպեսզի Միացյալ Նահանգները շարունակի կատարել չարագործությունների կատարումը կանխելու, խոցելի քաղաքացիական անձանց պաշտպանելու եւ մեղավորներին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու իր պարտավորությունները: "Մենք պետք է հստակ ազդակ հղենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են անպատիժ գործել", - նշել է սենատորը:
Այնուհետև Քարդինը Բլինքենից հետաքրքրվել է, թե նա ինչ քայլեր է ձեռնարկել և նախատեսում է ձեռնարկել հետևյալ հարցերի վերաբերյալ. "Աջակցություն Ալիևի ռեժիմի կողմից պատերազմական հանցագործությունների և այլ վայրագությունների հնարավոր կատարման հիմնավորման և ապացույցների հավաքագրմանն ուղղված ջանքերին; ադրբեջանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել ամեն մի նման գործողության համար՝ ներառյալ հնարավոր պատժամիջոցների և վիզային սահմանափակումների կիրառումը; ադրբեջանական պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու կոչով դիմումներ համապատասխան միջազգային ատյաններին; Ադրբեջանին տեղեկացնել, որ իր հարևանների նկատմամբ ագրեսիան անընդունելի է; աջակցություն 2023 թվականի սեպտեմբերի հարձակման հետևանքով տեղահանված հայերին", - ասվում է նամակում: