Արմինֆո.Այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին Հայաստան կժամանի ԵՄ տեխնիկական առաքելությունը։ Այդ մասին հաղորդել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ՄԱԶԾ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) կողմից կազմակերպված "Նորարարությունը գործնականում. փոփոխությունների և փոխակերպման խթանում" II համաժողովի հարթակներում:
Նա նշել է, որ վերջիններիս այցից հետո հայտնի կդառնան Հայաստանի և ԵՄ-ի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության մանրամասները: "ԵՄ-ը շահագրգռված է այդ ուղղությամբ Հայաստանի հետ համագործակցությամբ", - նշել է եվրոպացի դիվանագետը: Հայտարարելով, որ ԵՄ-ը հավատարիմ է խաղաղության օրակարգին, Մարագոսը հաղորդել է, որ խաղաղ գործընթացների շրջանակներում կողմերի միջև համագործակցությունը կընդլայնվի:
Դեսպանը հիշեցրել է Հայաստանի սահմանի ողջ երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին, որը, նրա խոսքով, արդեն առաջին արդյունքներն է բերել: Այդ համատեքստում նա նշել է, որ նաեւ առաքելության աշխատանքի շնորհիվ վերջին շրջանում զգալի է լարվածության նվազումը սահմանին։ "Մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները Բրյուսելի եւ ԵՄ անդամ երկրների հետ՝ դիտորդական առաքելության ընդլայնման համատեքստում", - հայտարարել է Մարագոսը:
Խոսելով նախորդ շաբաթ ԵՄ ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած այցի մասին ՝ նա նշել է, որ տեղի են ունեցել ակտիվ քննարկումներ, որոնց արդյունքները կներկայացվեն ԵՄ անդամ բոլոր երկրներին, և միայն դրանից հետո եվրոպական կողմը կհնչեցնի կոնկրետ առաջարկներ: Այդ համատեքստում դիվանագետը նշել է, որ ԵՄ-ը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ բոլոր ուղղություններով: Այդ առումով նա հատուկ ուշադրություն է դարձրել պաշտպանական ոլորտին, ներդրումային փոխգործակցությանը և ԵՄ-Հայաստան ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացմանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-29-ը Հայաստանում էր գտնվում ԵՄ արտաքին կապերի ծառայության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ քննարկելու ԵՄ-Հայաստան կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Անցած հանդիպումների ընթացքում վերահաստատվել է Հայաստանի և ԵՄ փոխադարձ շահագրգռվածությունը՝ շարունակելու երկխոսությունն ու համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում: Մասնավորապես, Եվրամիությունը լրացուցիչ կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում:
Այցի կապակցությամբ հայտարարվել է նաև Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումային համակարգման հարթակի գործարկման մասին: Հարթակը կմիավորի ԵՄ-ին, Հայաստանի կառավարությանը և միջազգային ֆինանսական ինստիտուտներին և կօգնի հետագայում ավելացնել ԵՄ ներդրումները Հայաստանում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում, որն արդեն մոբիլիզացրել է մինչև 500 միլիոն եվրո ներդրումներ Հայաստանում: