
Մայիսի 13-ին, ժամը 16:23-ին Գորիսի ոստիկանությունը ֆաքսով ստացել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշումը` Հարութ Զաքարյանին ծեծի ենթարկելու գործի շրջանակում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նա ընդսմին դժվարացել է ասել, թե որպես ինչ է բերման ենթարկվելու Խաչատրյանը` որպես մեղադրյալ թե վկա: «Այդ հարցը կլուծի նախաքննությունը», - հավաստիացրել է Մալխասյանը, հավելելով, որ Գորիսի ոստիկանության աշխատակիցներն առայժմ գործողություններ չեն իրականացրել Խաչատրյանին բերման ենթարկելու ուղղությամբ: Ի դեպ, ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Տիգրան Խաչատրյանն այս ընթացքում հասցրել է հեռանալ հանրապետությունից:
Միևնույ ժամանակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գորիսի ոստիկանապետ Արա Դավթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` կառույցի բարեփոխման շրջանակում, հավաստիացրել է Մալխասյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարութ Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք: Մայիսի 4-ին Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ»։
Մինչդեռ տուժածի հայրը` Գագիկ Զաքարյանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ամեն ինչի համար մեղադրել է Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին: Որոշ տեղեկությունների համաձայն, դեպքի վայրում երևացել են ինքը` Սուրիկ Խաչատրյանը և նրա երկրորդ որդին: Ինչպես հաղորդել է Գագիկ Զաքարյանը, այժմ իր որդին գտնվում է Մոսկվայում, որտեղ նրան վիրահատելու են, քանի որ Երևանում երիտասարդի տեսողությունը չեն կարողացել վերականգնել: