Արմինֆո. Շուշիում շինարարությունն անդառնալի վնաս է հասցնում հայկական օբյեկտներին։ Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ մշակութային ժառանգության մոնիթորինգի մասին վեցերորդ զեկույցում, որը պատրաստել է Կովկասյան ժառանգության պաշտպանության Caucasus Heritage Watch միջազգային կազմակերպությունը։
"Հիմնական եզրահանգումներ. Շուշիում շինարարությունն անդառնալի վնաս է հասցնում հայկական օբյեկտներին ։ Շատ խոցելի են գերեզմանատները. արդեն արձանագրվել է չորսի վնասում, ևս երեքը վտանգված են", - ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:
Դրա հետ մեկտեղ, նշվում է, որ այն պահից ի վեր, երբ CHW-ն սկսել է իր մոնիթորինգի ծրագիրը, այն գնահատել է 44 օբյեկտ, որոնք վտանգի տակ են, կամ արդեն ոչնչացված են, կամ՝ վնասված: "Վտանգված օբյեկտների թիվը կտրուկ աճում է։ Եվ վնասման դեպքերի թիվն է անշեղորեն աճում՝ չնայած Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշմանը, որի համաձայն, Ադրբեջանը պետք է կանխի նման չարաշահումները", - ասվում է կազմակերպության հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ, արձանագրվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած բռնություններից և տեղահանությունից հետո CHW-ն այժմ բախվում է իր մոնիտորինգի ընդլայնման վախեցնող հեռանկարին՝ ընդգրկելու Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության ողջ լանդշաֆտը, տվյալների բազան, որը պարունակում է մոտ 500 պատմական վանքեր, եկեղեցիներ և գերեզմանատներ:
"Այս բարեգործական սեզոնին մենք խնդրում ենք հասարակայնությանը աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով վտանգված ժառանգության մոնիթորինգի մեր աշխատանքին: Մենք ողջունում ենք ոչ մեծ նվիրատվություններ բոլոր նրանց կողմից, ովքեր կարծում են, որ CHW-ը կարևոր աշխատանք է կատարում պետական ժխտմանը հակազդելու, պատասխանատվությունը խրախուսելու և տեղեկացված բանավեճին աջակցելու համար", - ամփոփել են կազմակերպությունում: