Արմինֆո.Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
«Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները», - ընդգծվում է հայտարարությունում:
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել այսօր, ժամը 14:35-ի սահմաններում: