Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը կարծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը Ֆեմիդային չեն հասնի Մոսկվայի կողմից զենքի պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հարցում:
Դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե արդյոք Երևանը նախատեսում է դատական քննություն նախաձեռնել, եթե Մոսկվան, այնուամենայնիվ, չմատակարարի պայմանագրով նախատեսված սպառազինությունը, Սարգսյանը հակիրճ պատասխանել է. "Կարծում եմ՝ գործը դրան չի հասնի: Հարցը կլուծվի գործընկերային հարաբերությունների շրջանակում" ։
Ճշգրտող հարցին, թե՝ արդյոք պայմանագիրն ուժի մեջ է, նա պարզաբանել է, որ պայմանագիրը ստորագրվել է մինչև փոխնախարարի պաշտոնում իր նշանակվելը, ավելին, ինքը համակարգում է այլ ոլորտ, ուստի չի կարող միանշանակ որևէ բան ասել: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն, ընդամենը, ևս մեկ անգամ ընդգծել է, որ այս պահի դրությամբ մատակարարումներ չեն իրականացվել։
Նշենք, որ ընթացիկ տարում Հայաստանի իշխանությունները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին ավելի քան 400 մլն դոլարի զենքի պայմանագրերը չկատարելու համար: Այդ մասին առաջին անգամ 2022 թվականի սեպտեմբերի 29 - ին կառավարության նիստում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։ Նա, մասնավորապես, նշել է, որ "կան դեպքեր, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ են վճարվում, բայց Հայաստանի նկատմամբ մատակարման պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում ՝ դաշնակից երկրների կողմից": Իսկ արդեն այս տարվա նոյեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել է, թե՝ ռուսական կողմը կարող էր դուրս գրել հայկական պարտքի մի մասը՝ Հայաստանի գնած, բայց այդպես էլ չմատակարարված զենքի դիմաց։ Իսկ ռուսական կողմն այդ հարցը չի մեկնաբանում։ Միայն մի երկու անգամ օրենսդիր մարմնի պատգամավորների մակարդակով հաստատվել է այդ ոլորտում խնդրի առկայության փաստը։ Մինչդեռ, հայկական թերթերից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ խոսքը ՀՀ պաշտպանության նախարարության և "Սմերչ" տեսակի հրթիռներ արտադրող ռուսական "Սպլավ" ՆՊՕ" ԲԸ գործարանի միջև կնքված պայմանագրի մասին է: Ընդ որում, ինչպես ճշտել են աղբյուրները, դեռ մինչեւ Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելը գործարանը մի քանի անգամ դիմել է ՀՀ ՊՆ-ին ՝ պատրաստի արտադրանքը վերցնելու խնդրանքով։