Արմինֆո. ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 2024 թվականի հունվարի 1-ից կտրամադրի սովորական (ոչ կենսաչափական) անձնագրեր՝ առանց օտար երկրներում վավերականության ժամկետը նշելու, հաղորդում է ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում որոշում էր կայացվել, ըստ որի, 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օտար երկրներ մեկնելիս անձնագրում <կլոր> դրոշմակնիք ունենալու անհրաժեշտություն չեն ունենա:
Ինչպես որոշման նախագիծը ներկայացնելիս հայտարարել էր ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, այս պահին ՀՀ քաղաքացիների անձնագրերի 4-րդ էջում կա կլոր կնիք, որը ցույց է տալիս օտար երկրներում ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը: "Երկար տարիների ընթացքում այս կլոր կնիքը կոչված էր լուծելու մուտքի և ելքի հետ կապված հարցերը", - բացատրել էր նա: Իսկ այսօր, փոխնախարարի խոսքով, գոյություն ունի նույնականացման քարտերի ինստիտուտ եւ այլ գործիքներ, որոնք թույլ են տալիս կառավարել մի շարք ռիսկեր։ Եվ կլոր կնիքի առկայությունն, ըստ էության, անիմաստ է դառնում: Եվ, չնայած դրան, այս պահանջը հանգեցնում է հերթերի անձնագրային ծառայություններում, բարդացնում քաղաքացիների կյանքը։ Իսկ նախագծով առաջարկվել է վերացնել բոլոր համապատասխան դրույթները։ Եվ, քանի որ դա վերաբերում է ոչ միայն ներպետական ընթացակարգին, այլ նաև այլ երկրների հետ հարաբերություններին, սահմանվել է եռամսյա ծանուցման ժամկետ, որպեսզի ԱԳՆ-ն օտար երկրներին տեղեկացնի, իսկ ՀՀ քաղաքացիներն այդ առումով խնդիրներ չունենան օտար պետությունների անցակետերում: