Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի կտրուկ հայտարարությունը Ռուսաստանի հասցեին արվել է` ավելի շուտ կոնյունկտուրային նկատառումներից ելնելով, գտնում է ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Եվսեևը հիշեցրել է, որ հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, իշխանությունների առջև ընտրազանգվածի մոբիլիզացման խնդիր է դրված: Սակայն, Ռուսաստանի հասցեին թուրքական ԱԳՆ հռետորաբանությունը պայմանավորող ավելի լուրջ գործոն է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որն սկսվել է թուրքական Անթալիայում:
ՙԵնթադրվում է, որ գագաթնաժողովում կքննարկվեն նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները: Պարզ է, որ այդ քննարկումները Մոսկվայի համար դրական երանգներ չեն պարունակի: Ահա և Չավուշօղլուն ցանկացել է հանդես գալ հակառուսական հռետորաբանությամբ և աջակցել Բրյուսելին: Պետք է նշել, որ դրանում իր դերն է խաղացել նաև վերջերս նախագահ Պուտինի Երևան այցը: Չավուշօղլուի հայտարարությունը նաև Մոսկվայի նկատմամբ ճնշման տարր է պարունակում`ՙԹուրքական հոսքն՚ իրականացնելիս ավելի շատ զիջումների հասնելու նպատակով: Այդ ամենից երեսպաշտության հոտ է գալիս՚,- համոզված է Եվսեևը:
Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի և հետխորհրդային այլ պետությունների նկատմամբ հնարավոր չէ արդարացնել: Անկարան պատրաստ է կառուցողական դեր խաղալ Մոսկվայի և Արևմուտքի միջև տարաձայնություններում, բայց ոչինչ չի կարող արդարացնել հարևանների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը՚,- հայտարարել է Չավուշօղլուն`ավելացնելով, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինայում ու Վրաստանում Ռուսաստանի գործողություններին: Չավուշօղլուն անդրադարձել է նաև Ղրիմի իրավիճակին`ասելով, որ Անկարան մտահոգված է Ղրիմում ռուսական իշխանությունների կողմից թաթար փոքրամասնության նկատմամբ ՙճնշումների՚ առնչությամբ:
Եվսեևի կարծիքով, թուրքական իշխանությունների վարքագիծը`խոսել մեկ բան, իսկ իրականում միանգամայն այլ կերպ գործել, Մոսկվայում ոչ ոքի չի զարմացնում: ՙԿանցնի որոշ ժամանակ, և թուրքերը կհանդարտվեն: Դա նրանց դեպքում սովորական երևույթ է: Էրդողանը և նրա նախարարները հիշեցնում են ինձ հետխորհրդային տարածության որոշ առաջնորդների, ովքեր Մոսկվայում մեկ բան են ասում, Արևմուտքում`մեկ այլ բան՚,- ամփոփել է քաղաքագետը: