Արմինֆո.Financial Times Group-ի The Banke միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում։ Ֆինանսական հաստատությունները գնահատվել են կատարողականի բազմաթիվ չափանիշներով՝ ներառյալ ցուցանիշների աճը, շահութաբերությունը, գործառնական արդյունավետությունը, ակտիվների որակը, իրացվելիությունը, հուսալիությունը և այլն:
The Banker-ի խմբագիր Ջոյ Մաքնայթի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Արդշինբանկին Հայաստանում «Տարվա բանկ» մրցանակը ստանալու համար: Թվայնացման և կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու՝ Արդշինբանկի նպատակաուղղվածությունը այն առավել ընդգծված է դարձրել իր մրցակիցների նկատմամբ։ Օրինակ՝ բանկը վարկավորման գործընթացի արդյունավետությունը բարելավելու համար հաջողությամբ ներդրել է վարկային ռիսկի գնահատման՝ արհեստական ինտելեկտի վրա հիմնված համակարգ»:
Անդրադառնալով մրցանակի ստացմանը՝ Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը նախ շնորհակալություն է հայտնել The Banker հեղինակավոր ամսագրին բանկի գործունեության բարձր գնահատականի համար. «The Banker ամսագիրը չորրորդ անգամ ճանաչում է Արդշինբանկի առաջատարությունը հայաստանյան ֆինանսական շուկայում։ Ես մեր ձեռքբերումները վերագրում եմ լավ մշակված բիզնես մոդելին, որը հիմնված է ոչ միայն կապիտալի և ռիսկերի արդյունավետ կառավարման քաղաքականության, ծախսերի վերահսկման և ֆինանսական կատարողականի, այլև ակտիվ թվայնացման, ինչպես նաև հաճախորդների անընդհատ փոփոխվող կարիքներին արագ արձագանքելու պատրաստակամության վրա։ Մենք ձգտում ենք նրանց տրամադրել նորարարական ֆինանսական լուծումներ և կառուցել վստահելի հարաբերություններ»:
Նշենք, որ այս պատվավոր մրցանակը Արդշինբանկի այս տարի նվաճած արդեն 6-րդ մրցանակն է:
Հիշեցնենք, որ 2023 թ. Արդշինբանկը ճանաչվել է «Լավագույն բանկ», «Լավագույն կորպորատիվ բանկ» և «Լավագույն ESG բանկ (լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ)» հեղինակավոր Euromoney ամսագրի կողմից։ Միևնույն ժամանակ, Արդշինբանկի Private Banking-ը լավագույնն է ճանաչվել Հայաստանում՝ ըստ Global Banking & Finance Review ամսագրի, իսկ Asian Banking & Finance ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է «Լավագույն մանրածախ բանկ Հայաստանում»:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ