


Մայիսի 13-ին Ազգային ժողովում կայացել են լսումներ երկրի զինված ուժերում նորարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների շուրջ: Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի ասելով, երկրի ՌԱՀ խնդիրներն այսօր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում են: «Մշակվել են զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրեր», - նշել է նա:
Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման խնդիրներից փոխնախարարը նշել է համապատասխան կադրերի պատրաստումը: Այդ ոլորտում աշխատող ինժեներներից շատերի տարիքն այսօր 55-70 է, և այդ խնդիրը հարկավոր է շուտափույթ լուծել: Նրա ասելով, իրավիճակը բարդանում է նաև ցածր աշխատավաձով, որը տատանվում է 120-150 հազար դրամի սահմաններում:
«Հասկանալի է, որ նման փողի դիմաց ոչ ոք չի ցանկանա աշխատել: Ցածր աշխատավարձը նաև հանգեցնում է լավագույն մասնագետների արտահոսքի, որոնք իրենց գիտելիքների և հմտությունների կիրառություն են գտնում այլ բնագավառներում», - նշել է Միրզաբեկյանը: Նա նաև հավելել է, որ Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններն արդիականացման կարիք ունեն: «Մենք ունենք ՌԱՀ զարգացման լուրջ ներուժ, և ֆինանսական ռեսուրսների առկայությունը թույլ կտա լուծել այդ խնդիրը: Օրինակ, մեր անօդաչու սարքերը ոչնչով չեն զիջում իրենց իսրայելական կամ ֆրանսիական անալոգներին: Կարծում եմ, որ նույն հաջողությամբ կարելի է սկսել և զարգացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի այլ տեսակների արտադրություն», - ասել է պաշտպանության փոխնախարարը:



