Արմինֆո. Բոլորը շատ լավ գիտեն, որ արցախյան հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ է, այլ՝ էթնիկ։ Այդ մասին նոյեմբերի 30-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ ի պատասխան ադրբեջանցիների հետ հայերի համատեղ բնակության հնարավորության մասին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։
Նա հիշեցրել է, որ ցանկացած հակամարտություն ունի իր պատճառները, և առանց դրանց վերացման անհնար է հասնել կայուն խաղաղության: "Հայերի՝ որպես էթնիկ խմբի նկատմամբ ատելությունը, նրանց նկատմամբ բռնությունները ծնել են այդ հակամարտությունը։ Եվ քանի դեռ Ադրբեջանում այդ քաղաքականությունը շարունակվում և խրախուսվում է պետական մակարդակով, մենք չենք կարող կանխել բռնությունը: Այսինքն, բռնության հիմքում հայատյացությունն է, և որքան էլ մենք ցանկանանք կամ քաղաքական մակարդակով պարտադրենք հայերի և ադրբեջանցիների համակեցություն, եթե պատճառները չվերացվեն, այն կկրկնվի մեծ ինտենսիվությամբ: Իսկ միջազգային իրավունքը բավական լուրջ է վերաբերվում խտրականության քաղաքականությանը, հատկապես, երբ դա արվում է պետության կողմից։ Եվ գործիքներից մեկն է անջատումը: Այսինքն՝ օժտում ինքնավարությամբ, որը թույլ կտա գոյություն ունենալ", - փաստել է նա։
Միևնույն ժամանակ, Սահակյանն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում ինքը չի տեսնում Ադրբեջանի վարքագծի փոփոխություն այդ հարցում: Նրա խոսքով՝ վարքի փոփոխության ցուցիչներից մեկը կլիներ հանցագործներին պատժելը։ "Քանի դեռ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանողը ազատության մեջ է, կամ 44-օրյա պատերազմի ընթացքում հայ զինվորականներին մորթազերծ անողները չեն պատժվել, ես հայերի և ադրբեջանցիների համակեցության պայմաններ չեմ տեսնում", - հայտարարել է իրավապաշտպանը: