Արմինֆո. Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն, վերահաստատելով տարածաշրջանում կայունության հաստատման հարցում իր ամուր հանձնառությունը և չնայած առկա մարտահրավերներին, որոնք բխում են նաև ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից, շարունակում է ակտիվ ներգրավածությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցում։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նախարար Միրզոյանը շեշտել է երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ միանշանակ և միջազգային գործընկերների համար ընկալելի դիրքորոշումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ, ադ թվում՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի շրջանակներում։