Արմինֆո.Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացն առաջ տանելու հնարավորությունն օգտագործելու նպատակով Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել երկկողմ համաձայնագրի նախագծի առաջարկությունների փաթեթը:
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղոդել է ինքը՝ Միրզոյանը, Twitter-ի իր միկրոբլոգում, Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի հարթակներում ինքը շփվել է նաեւ բրիտանացի գործընկեր Դեւիդ Քեմերոնի հետ։ "Քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք վերջերս սկսել ենք ռազմավարական երկխոսություն։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասի գործընթացներին", - գրել է Միրզոյանը։