Արմինֆո.Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր։ Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բոռելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին և գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման։ Անդրադարձ է կատարվել ԵՄ և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում և Բրյուսելում վերջին շրջանում կայացած արդյունավետ քննարկումներին՝ արձանագրելով ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում կողմերի ունեցած պատրաստակամությունը, իրականացվող քայլերը։
Ի շարունակություն հոկտեմբերին Գրանադայում ունեցած հանդիպման՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ որևէ նկրտումների զսպման, տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման և հարատև կայունության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Անդրադարձ է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների կայուն ներգրավածությամբ։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նույն օրը ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ փոխգործակցության հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ փոխադարձ բարձրաստիճան այցերի միջոցով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի կյանքի կոչմանը։ Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես Հարավային Կովկասի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի երկրների միջև արդյունավետ փոխկապակցվածության, հետևաբար նաև՝ կայունության երաշխիք։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ, և ի թիվս այլ բնագավառների, ընդգծվել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության առկա ներուժն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը։ Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ընդգծելով ՀՀ ամուր հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հարավային Կովկասում կայունության հասնելու, առավելապաշտական նկրտումներից, ուժի կամ ուժի սպառնալիքի շարունակական կիրառման գործելաոճից հրաժարվելու հարցում Ադրբեջանի հստակ հանձնառության կարևորությունը։