Արմինֆո. Երեւանում ավտոկայանատեղերի համար վճարի բարձրացումը հակասահմանադրական է եւ հակաօրինական: Մայրաքաղաքի ավտոկայանատեղերի վճարը շուրջ 20 անգամ բարձրացնելու Երևանի քաղաքապետարանի մտադրությունն այդպես է մեկնաբանել արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:
«Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը՝ այս անգամ ավտոկայանատեղերի համար վճարներ սահմանելու փորձի տեսքով։ Հասկանալի է, որ բյուջետային լրջագույն խդիրներ կան, սակայն կան նաև առավել արդյունավետ լուծումներ, որոնց բազմիցս եմ անդրադարձել։ Իսկ հարկերի, տուրքերի ու վճարների արհեստական տասնապատիկ ավելացումների մոլուցքը հաստատ այդպիսին չէ։
Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել OՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ UԱՀՄԱՆՎԱԾ հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ»։ Սա համընդհանուր կանոն է։ Երևանի ավագանին փորձել է յուրովի մեկնաբանել Սահմանադրության 185֊րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և ենթադրել, որ կայանատեղերի համար վճարը կարող է դիտարկվել իբրև ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՉԱՓ ՎՃԱՐ, ուստի ինքն իբրև ամբողջովին ազատ է իր հայեցողությամբ դրույքաչափեր սահմանելիս։ Այսպիսի բացահայտ կամայական մեկնաբանությունը առերևույթ հակասահմանադրական և ապօրինի է առնվազն հետևյալ էական հիմնավորումներով (մնացյալին, հարկ եղած դեպքում, կանդրադառնամ այլ առիթով)։
Խախտվել է Սահմանադրության 78֊րդ հոդվածով ամրագրված ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ։
Կայանատեղին ոչ թե ծառայության մատուցում է, այլ այլոց հաշվին երթևեկության սահմանափակման հարկադրական միջոցների կիրառման պարզունակ գործընթաց։ Բանուկ ճանապարհի մի հատվածը պարզապես արգելվում է երթևեկության համար և հրամցվում իբրև կայանատեղի, որի կահավորումը, եթե կարելի է վառ երևակայությամբ ծառայության մատուցում հրամցնել, սկսվում և ավարտվում է թույլ նշմարվող գծանշաններով։ Այսինքն՝ ճանապարհի մի հատվածի նշանակությունը կամայականորեն փոխելը ինքնին չի կարող որակվել իբրև ծառայության մատուցում։
Իհարկե, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ կետով կայանատեղերի համար սահմանված է տեղական վճար, սակայն նույն օրենքով հստակ ամրագրված է, որ խոսքը ծառայություն մատուցելու մասին է, ինչը քննարկվող դեպքում բացակայում է։ Մեծ հաշվով, այս օրենքը ևս աղերսներ ունի Սահմանադրության հետ, սակայն անգամ դա է շրջանցվել։
Հ.Գ. Չգիտեմ ինչպես կարձագանքեն այս որոշման նախագծին դեմ խմբակցությունները, սակայն հուսանք, որ ընդունվելու դեպքում, իրենք կղեկավարվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասով և իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կդիմեն Վարչական դատարան, հընթացս ներկայացնելով միջնորդություն, որպեսզի դատարանը կասեցնի վիճարկվող նորմատիվ ակտը, ինչես նաև դատաքննությունը և միջնորդություն ներկայացնի ՍԴ ...», - գրել է Դանիելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է կայանման վճարի դրույքաչափերը մայրաքաղաքում բարձրացնել մինչեւ տարեկան 160 հազար դրամ (400 դոլար): Ներկայում կայանման տարեկան վճարը կազմում է 12 հազար ՀՀ դրամ ($30):
Այսպես, մայրաքաղաքի իշխանությունները նախատեսում են կայանման վճարի դրույքաչափեր սահմանել գոտիավորման սկզբունքով ։ Երևանում առաջարկվում է սահմանել Ա և Բ գոտիները:
Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը. յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ; յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ; մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ; մեկ ամսվա համար՝ 18000 դրամ; մեկ տարվա համար՝ 160 000 դրամ՝ գործող 12 հազար դրամի դիմաց:
Բ գոտի. յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ; յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ; մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ; մեկ ամսվա համար՝ 4000 դրամ; մեկ տարվա համար՝ 24000 դրամ:
Որոշման ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ