
Հրադադարը լավագույն լուրն է եղել, որ Ադրբեջանի և Արցախի ժողովուրդն իմացել է, որովհետև հրադադարի ռեժիմին սպասում էին բոլորը, չնայած որ այն պարտադրվել է Ադրբեջանին, նա պարտադրված է եղել գնալ դրան: Ինչպես հայտնում է artsakhpress.am-ը, այս մասին մի խումբ լրագրողների հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի կնքման պայմանագրին:
ՙՍկզբնական շրջանում հրադադարի ռեժիմը բավականին լավ պահպանվում էր, և, ընդհանրապես, որպես այդպիսին միտումնավոր խախտումներ չէին լինում: Սակայն վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը միտումնավոր խախտվում է և որոշակի նպատակներ է հետապնդում: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ սխալվում է, փորձ է անում վերսկսել պատերազմը, ինչն անկասկած նորից բերելու է հրադադարի, և ես վստահ եմ, որ այդ ժամանակվա հրադադարը Ադրբեջանի համար ևս լինելու է պարտադրված և ավելի ցավոտ, քան այն կարգավիճակը, ինչն այսօր կա՚,-ասել է նա:
Մովսես Հակոբյանը նշել է, որ Արցախի բանակը երբեք չի ուզում պատերազմ սկսել: ՙՄենք դա հայտարարում ենք քաղաքական իշխանության բոլոր հայտարարություններով, և բանակցային գործընթացում ևս ասում ենք, որ մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ և մեր հարցերը կարգավորվել բանակցային գործընթացի սեղանի շուրջ: Արցախի քաղաքական իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է փոխզիջումային տարբերակին, ինչը չի ընկալում Ադրբեջանը, նա ընկալում է միայն զիջում՚,- ասել է նա և նշել, որ եթե չկա փոխզիջում, ապա միայն զիջումով պատերազմները կամ հակասությունները երբեք չեն հարթվում:
ՙԵրբ Ադրբեջանը կհասկանա, որ կարելի է գնալ փոխզիջման և այդ փոխզիջումն ինքը ճիշտ ընկալի, կարծում եմ, որ խաղաղությունն այս տարածաշրջանում կհաստատվի վերջնական, ինչի համար բոլոր նախադրյալները կան, և որևէ գաղտնիք այս ժամանակաշրջանում չկա՚,-ասել է նա:
ԼՂՀ ՊԲ հրամանատարը նշել է նաև, որ իրենք քաջատեղյակ են Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մասին, եթե նույնիսկ Ադրբեջանն այդ մասին չհայտարարի:
ՙՄենք ամբողջությամբ տիրապետում ենք հետախուզական տվյալներին՝ որքան, որտեղ, որ ժամին և ումից են գնել և կարիք չունենք Ադրբեջանի սպառազինության սպառնալիքների՚,- ասել է նա և ավելացրել, որ դրանք որևէ բան չեն փոխելու:
ՙՄենք դա գիտենք, և մենք մեր տեղում ձեռքներս ծալած չենք նստելու, Ադրբեջանին համահունչ մենք մեր ստորաբաժանումները սպառազինել ենք: Մենք մեր բանակը ոչ թե զինում ենք պատերազմ սկսելու, այլ զինում ենք խաղաղություն պաշտպանելու համար, մենք այդպես ենք ուզում ապրել, մենք որևէ մեկին ցավ ու դժբախտություն չենք ցանկանում պատճառել, բայց նաև չենք հանդուրժի, որ որևէ մեկը մեր դժբախտությունների վրա երջանկություն կառուցի, դա բացառված է՚,-ասել նա: