Արմինֆո.Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանին շանտաժի են ենթարկում կիբերհանցագործները:
Ինչպես պատմել է ինքը՝ դիրիժորը, արդեն երկու օր նա հաղորդագրություններ է ստանում կիբերհանցագործներից, ովքեր արհեստական բանականության միջոցով ստեղծում են իրեն արատավորող տեսանյութեր: «Վստահեցնում եմ, որ այս տեսանյութերը ոչ մի կապ չունեն ինձ հետ։
Քանի որ ես հրաժարվեցի որևէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։ Իմ դեմ ուղղված այս կիբերհարձակումը նպատակ ունի ֆինանսական շանտաժ հաղորդագրությունները դադարեցնելու դիմաց: Ես բացարձակապես վճռական եմ չխրախուսել կիբեր հանցագործներին։ Խորհրդակցելով Հայաստանի լավագույն մասնագետների հետ ես հասկացա, որ ցավոք այսօրվա հնարավորություններով կիբերաշխարհում մենք բոլորս մնում ենք անապահով և խոցելի», - նշել է նա, հույս հայտնելով, որ այս կիբերհարձակումը կօգնի մեզ բոլորիս համախմբվել կիբերհանցագործների դեմ։
Իր հերթին՝ տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, արձագանքելով Թոփչյանի այդ հաղորդմանը, արձանագրել է, որ հիմա դա շատ տարածված երեւույթ է։ «Գտնում են մարդու տեսագրություն, դրա հիման վրա արհեստական բանականությունով գեներացնում պոռնոգրաֆիկ տեսանյութ ու շանտաժի ենթարկում։ Հաստատ վճարել պետք չէ սենց դեպքերում», - կարծում է Մարտիրոսյանը։