Արմինֆո.ԱՄՆ-ը կշարունակի աջակցել և առաջարկել իր բարի ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ անցկացնելու համար: Այդ մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը՝ առցանց ճեպազրույցի ժամանակ։
Անդրադառնալով, այն հարցին, թե ինչ միջազգային մասնակցություն պետք է դիտարկել Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության անվտանգ վերադարձն ապահովելու համար, հաշվի առնելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականներն այն մասին, որ առաջիկա մի քանի շաբաթները կարող են վճռորոշ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղ բանակցությունների համար, եւ այդ գործընթացում ինչ տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, Քարփենթերը, մասնավորապես, ասել է. "Մենք՝ Միացյալ Նահանգներս, հետեւողականորեն հայտարարել ենք, որ կցանկանայինք տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորում":
Նա հիշեցրել է, որ անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ն աջակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք բանակցությունների, եւ պետքարտուղար Բլինքենն անձամբ մասնակցել է խաղաղության համաձայնագրի որոնմանն ուղղված այդ ջանքերին, որը ճանապարհ կհարթի ողջ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման, բաց հաղորդակցության եւ առեւտրի համար: "Դա, մեր կարծիքով, համապատասխանում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերին։ Եվ մենք կշարունակենք աջակցել և առաջարկել մեր բարի ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ անցկացնելու համար։ Ի վերջո, իհարկե, կողմերն իրենք պետք է օգտվեն այդ բարի ծառայություններից կամ միջնորդության առաջարկներից, որպեսզի աջակցեն կարգավորման համաձայնության հասնելու նրանց ջանքերին, բայց մենք կշարունակենք դա անել: Իսկ ինչ վերաբերում է փախստականների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի եւ կայուն "վերաինտեգրման" միջազգային սկզբունքին, ապա, իհարկե, մենք նույնպես կաջակցենք դրան", - եզրափակել է ամերիկացի դիվանագետը: