Արմինֆո. Ռուսաստանը խիստ անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրիչ գործողությունների հաճախակի դարձած դեպքերի մասին տեղեկատվության առնչությամբ: Այդ մասին նոյեմբերի 29-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մասնավորապես, նրա ասելով, Մոսկվայում ուշադրություն են դարձրել Հին քաղաքում տեղակայված, այսպես կոչված, "հայկական այգիների" (Կովերի պարտեզ - խմբ.) շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակին: Դիվանագետը հիշեցրել է, որ դրանք դարձել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև դատական քննության առարկա:
"Չսպասելով դատավարության արդյունքներին՝ նրա ներկայացուցիչները սկսել են նախապատրաստվել վիճելի հատվածում հյուրանոցային համալիրի կառուցմանը, ինչը հանգեցրել է տեղի հայերի եւ հրեա արմատականների միջեւ բախումների", - հիշեցրել է դիվանագետը:
Այնուհետեւ Զախարովան Իսրայելի իշխանություններին կոչ է արել կարգավորել այդ հարցը օրենքի շրջանակներում: "Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել այդ զգայուն հարցի արդարացի լուծման համար ՝ օրենքի շրջանակներում ։ Կարծում ենք, որ երկրի բոլոր կրոնական համայնքների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն ։ Մենք դեմ ենք ցանկացած անօրինական գործողության, որն ուղղված է Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն հաստատված ազգային-կրոնական հավասարակշռության փոփոխմանը, ներառյալ ոտնձգությունները այնտեղ բնակվող քրիստոնյաների, նրանց սրբությունների և սեփականության նկատմամբ", - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նշենք, որ Հայոց պատրիարքարանը 99 տարով իսրայելական ընկերությանը վարձակալության է հանձնել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի մի մասը: Երուսաղեմի հայ համայնքը դեմ է հանդես եկել այս գործարքին ՝ կազմակերպելով մի քանի բողոքի ակցիաներ։
Սույն թվականի նոյեմբերի 1-ին Երուսաղեմի պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը հաղորդել էր, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը նամակ է հղել Xana Sadi Ltd ընկերությանը, որում տեղեկացնում է, որ լուծում է 2021 թվականի հուլիսի 8-ի պայմանագիրը Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող "Կովերի պարտեզ" կալվածքի վերաբերյալ։ Դրանից հետո ընկերության ներկայացուցիչները սկսել են վերաբնակիչներին հրահրել հայ համայնքի ներկայացուցիչների դեմ և փորձել ուժով գրավել այգիների տարածքը ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը հայտարարել է, որ պատրիարքարանը գտնվում է ամենամեծ էքզիստենցիալ սպառնալիքի ներքո՝ իր 16 դարյա պատմության ընթացքում, և էքզիստենցիալ տարածքային սպառնալիքը տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա: Այս առիթով նա կոչ է արել Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքներին աջակցել Հայոց պատրիարքությանը այս աննախադեպ ժամանակներում, քանի որ սա ևս մեկ ակնհայտ քայլ է, որը վտանգում է քրիստոնյաների ներկայությունը Երուսաղեմում և Սուրբ Հողում:
"Կովերի պարտեզը" գտնվում է պատմական Սիոն լեռան վրա ՝ Երուսաղեմի հայկական թաղամասի հարավ-արևմտյան անկյունում։ Դեռևս 2021 թվականի նոյեմբերին Մայր աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի "Կովերի պարտեզ" կալվածքի վարձակալության հարցը և կոչ արել չեղարկել այդ որոշումը ։