Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ Ալիևի հետ զրույցի վերաբերյալ, մասնավորապես, ասվում է. "Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու նախագահ Ալիևի ձգտումը։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ երկարատև հակամարտությունը տառապանքներ է բերել ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, ինչպես նաև ընդգծել է այն առավելությունները, որոնք խաղաղությունը կբերի տարածաշրջանում բոլորին: Բացի այդ, Բլինքենն Ալիևի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, նշել վերջին շրջանում մտահոգության առիթները, ինչպես նաև անդրադարձել է համագործակցության ամրապնդման հնարավորություններին, հատկապես, խաղաղ գործընթացի շուրջ, և բարձր մակարդակի փոխգործակցության կարևորությանը":
Բլինքեն-Փաշինյան զրույցի վերաբերյալ Միլլերը հաղորդել է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության պայմանագրի հասնելուն ուղղված ջանքերին: "Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և նախանշել Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը, քանի որ մենք աշխատում ենք բարգավաճ և ժողովրդավարական ապագայի նրա տեսլականին աջակցելու ուղղությամբ", - նշել Է Միլլերը: