Արմինֆո.Հայաստանի ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում, այս անգամ՝ նախագահական նստավայրի մոտ։ Վերջիններս դժգոհ են նոյեմբերի 16-ին ԱԺ-ի ընդունած Հարկային օրենսգրքի փոփոխություններից, որոնք իրենց պարտավորեցնում են հարկ վճարել ավտոմեքենայի վաճառքից ստացված զուտ եկամտի 20 տոկոսի չափով։ Նրանք աայդ հարցով ավելի վաղ բողոքել են կառավարության, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի շենքի մոտ։ Նրանք նախագահից խնդրում են փաստաթուղթը չստորագրել՝ առաջարկված տարբերակով։
Ավտոներկրողները նշում են, որ արտասահմանից ներկրված մեքենաների գները շատ ավելի շահավետ են, քան պաշտոնական ավտոսրահներում, դիլերների մոտ եղածներինը։ Այդ իսկ պատճառով կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պատրաստ են սպասել մի քանի ամիս։
Ընդ որում, հավաքվածները նշում են, որ նման ընկերությունները մեծ եկամուտներ չունեն այդ բիզնեսից։ "Վստահեցնում եմ. վերջին տասը տարիների փորձը ցույց է տալիս, որ չի եղել ոչ մի դեպք, որպեսզի մենք ստանանք մեկ ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամտի 20 տոկոսը", - նշել Է American Global Group-ի ներկայացուցիչը:
Օրենսդրական փոփոխության արդյունքում նրանք ստիպված կլինեն բարձրացնել ներմուծվող մեքենաների գները, որպեսզի կարողանան վճարել սահմանված հարկերը։ Այսպիսով, առաջարկվող նախաձեռնությունը բեռ կդառնա ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ հաճախորդների համար։
Նրանք նաև խնդրում են սահմանել առնվազն 6-ամսյա անցումային շրջան, ինչպես նաև խաղի հավասար պայմաններ շուկայի բոլոր խաղացողների համար: "Այդ փոփոխությունները, չգիտես ինչու, չեն վերաբերում պաշտոնական դիստրիբյուտորներին եւ դիլերներին", - լրագրողների հետ զրույցում նշել է American Global Group լոգիստիկ ընկերության ներկայացուցիչը:
Ներկրողները հաղորդել են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանին կոլեկտիվ նամակ են պատրաստում, խնդրելով չստորագրել օրինագիծը, որպեսզի նորամուծությունները չկիրառվեն գոնե այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք արդեն Հայաստանի ճանապարհին են: <Օրենքը կկիրառվի դեկտեմբերի 1-ից, իսկ ԱՄՆ-ից մեքենա գնելու և Հայաստան փոխադրելու համար պահանջվում է առնվազն 3 ամիս: Հիմա մենք ունենք նախապես կնքված պայմանագրեր, որոնցում, փաստորեն, նշված է վաճառքի գինը, և մեզ նման ընկերություններն ստիպված են գնորդին ասել, որ այդ մեքենան նա պետք է գնի փաստաթղթում պայմանավորված գնից թանկ>, - նշել են նրանք։
Հիշեցնենք, որ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 51,2 հազար ավտոմեքենա, ինչը 3,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Մաքսային արժեքն աճել է 3,6 անգամ՝ մինչեւ 770,5 մլն դոլար: Մարդատար ավտոմեքենաներ են ներմուծվել, հիմնականում, ԱՄՆ-ից (37,3%), Ճապոնիայից (18,4%), Մեքսիկայից (17,5%), Գերմանիայից (5,6%), Չինաստանից (4,5%), Կանադայից (3,7%), ինչպես նաև Հնդկաստանից, Իտալիայից, Թուրքիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Ավստրիայից, Ինդոնեզիայից, Ֆինլանդիայից, Իսպանիայից, Թաիլանդից, Ռումինիայից, Ֆրանսիայից, ՀԱՀ-ից, Բելգիայից: