Արմինֆո.Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, իմաստ չունի կատեգորիկ հետևություններ անել Մինսկի նստաշրջանին Երևանի բացակայությունից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
"Իմ կարծիքով ՝ իմաստ չունի այս իրավիճակից որևէ կատեգորիկ հետևություն անել։ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է", - նշել է նա։
"Որքանով հայտնի է (ՀԱՊԿ) քարտուղարությանը, Հայաստանի պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել։ Ամեն դեպքում, դա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի որոշումը", - շարունակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքներին: Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ միջոցառումներին չեն մասնակցելու ՀՀ ԱԳՆ և ՊՆ ղեկավարները, իսկ նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բելառուսական կողմին տեղեկացրել էչ, որ չի կարող մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Փաշինյանը, սակայն, վստահեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելով հող չի նախապատրաստում կազմակերպությունից դուրս գալու համար։