Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս փուլում անիրատեսական է համարում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերադարձն իրենց տներ:
"Սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակը, որը մեր եղբայրներին ու քույրերին ստիպեց հեռանալ Լեռնային Ղարաբաղից, էթնիկ զտումների քաղաքականությունն ու իրավիճակը չեն փոխվել, հետևաբար, եթե մարդկանց վերադարձն իրատեսական լիներ այս պայմաններում, նրանք այնտեղից չէին հեռանա",-հայտարարել է վարչապետը՝ նոյեմբերի 24-ին ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով քաղաքացու համապատասխան հարցին:
Նա նշել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան Հայաստանում: Վարչապետը նաև գոհունակություն է հայտնել, որ Հայաստանից արցախցիների էական արտահոսք չի նկատվում: Նա հույս ունի, որ առաջիկայում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները կդիմեն Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի լիարժեք ներգրավվեն հասարակության կյանքում, եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունեն: