Արմինֆո. Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցությունը մայրաքաղաքի իշխանություններից պահանջում է վերանայել մետրոպոլիտենի աշխատանքը. առավելագույնս ավելացնել վագոնների քանակը և կրճատել գնացքների ժամանման հաճախականությունը պիկ ժամին՝ քաղաքացիների մատչելի տեղաշարժն ապահովելու համար:
Խմբակցության հայտարարության մեջ նշվում է, որ 5 անգամ տարբեր ընտրությունների ժամանակ մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման խոստում տված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունն անգամ չի կարողանում գործող կայարաններով քաղաքացիներին մարդկային սպասարկում ապահովել:
«Ամեն առավոտ քաղաքացիները ստիպված են լինում իրար հրմշտելով խցկվել վագոններ, եթե, իհարկե, հաջողվում է ընդհանրապես ներս մտնել: Մարդկանց մեծ մասը մի քանի գնացք բաց է թողնում: Ու այս իրավիճակում շարժակազմը կայարաններ է մտնում միջինում 6 րոպեն մեկ:
Մետրոյից օգտվող քաղաքացիների զգալի մասն առնվազն կես ժամ ուշացմամբ է հասնում աշխատանքի․ սա նաև հավաստեցին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցչի հետ զրուցող քաղաքացիները:
Խնդիրն իրականում ունի պարզ լուծում` հնարավորության սահմանում ավելացնել գնացքի վագոնները և առնվազն առավոտյան ժամերին կրճատել գնացքների՝ կայարան մտնելու պարբերականությունը՝ այն դարձնելով մեկ կամ երկու րոպե: Սա պետք է կրկնվի նաև երեկոյան աշխատանքային ժամի ավարտից հետո՝ մինչև 20:00-ն: Կեսօրին, երբ քաղաքացիների հոսքը մետրո կտրուկ կրաճատվում է, գնացքները կարող են աշխատել այլ ռեժիմով», - նշել են խմբակցությունից ՝ ներկայացնելով վերոգրյալի տեսաապացույցները ։ Կադրերում "Սասունցի Դավիթ" մետրոյի կայարանն է ՝ նոյեմբերի 24-ին, ժամը 09:13-ին է, որտեղ հստակ երևում է, որ գնացքը կառամատույց է հասնում արդեն լեփ-լեցուն, և քաղաքացիները չեն կարողանում նստել վագոն:
Հավելենք նաև, որ մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկը փոփոխվել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ ։ Այդ ժամանակ որոշում կայացվեց ավելացնել գնացքի սպասման միջակայքը։ Դրանից հետո մետրոպոլիտենն այլևս չվերադարձավ նախաքովիդային գրաֆիկին, երբ պիկ ժամին գնացքների ժամանման միջև ընդմիջումը տատանվում էր մինչև 4,5 րոպե, իսկ մնացած ժամանակ այն գալիս էր 5,5 րոպեն մեկ ։
Հավելենք, որ խնդիրն իսկապես հրատապ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայրաքաղաքի ճանապարհներին խցանումների ավելացման ֆոնին ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են նախընտրում օգտվել մետրոյի ծառայություններից, որի աշխատանքն անմխիթար է: Լավագույն դեպքում գնացքը 6 րոպեն մեկ հասնում է կառամատույց, սակայն լինում են դեպքեր, երբ պետք է սպասել մինչև 8 րոպե ։