Արմինֆո.«Արժանապատվության շարժումը», որը վերանվանվել է «Զանգ», տարածել է հայտարարություն, նշելով, որ վերադառնում է Հայաստանի քաղաքների փողոցներ եւ իր գործողություններն սկսելու է նոյեմբերի 25-ին Մաշտոցի պուրակից:
«Արժանապատվության շարժում» նախաձեռնությունը հիմնադրած քաղաքացիները մեկամսյա շտաբային աշխատանքներից հետո վերադառնում են փողոց՝ անթույլատրելի համարելով ՀՀ կառավարության կողմից ՀՀ տարածքների և իրավունքների նկատմամբ վերաբերմունքը և Արցախի պաշտպանության Հայաստանի տված խոստման դրժումը և համոզված լինելով, որ Հայաստանում կառավարող ուժի ներկայիս վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով մենք հանգելու ենք ավելի մեծ ու անլուծելի խնդիրների։ Մենք համոզված ենք, որ այդ խնդիրների լուծման ճանապարհը որոշելը մեր՝ քաղաքացիներիս բացառիկ իրավունքն ու պատասխանատվությունն է։
«Արժանապատվության շարժումը» վերանվանվել է «Զանգ» և «Զանգ» շարժումը մեկնարկում է այս շաբաթ օրը, ժամը 16:00-ին՝ Մաշտոցի պուրակից։
Քննարկումների արդյունքում մենք ձևավորել ենք գործելու սկզբունքներ և ճանապարհային քարտեզ, որով նպատակադրված ենք հանրային համաձայնության արդյունքում ստեղծել իրապես ինքնիշխան պետություն՝ միջազգային իրավունքի սուբյեկտին հատուկ որոշումներ կայացնելու շրջանակներով և քաղաքացիների կողմից միմյանց ֆիզիկական անվտանգության, իրավունքների և մշակութային ինքնության պաշտպանության ու զարգացման գործում հասնել հանրային համերաշխության՝ պետության երաշխավորության ներքո։
Այդ նպատակներին հասնելու համար մենք պետք է հեռացնենք ներկայիս կառավարող ուժին՝ այն փոխարինելով շարժման նպատակներին հավատարիմ, գործունակ ժամանակավոր կառավարիչներով», - ասվում է հայտարարությունում։