Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է ամեն հայկականի սողացող օկուպացիան։ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի ախորժակը գնալով ավելի է բացվում։ Եվ այս ամենը, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության իմպոտենցիայի շնորհիվ, որը լուռ հետևում էր, թե ինչպես էր ադրբեջանական սուլթանն ուժով գրավում Արցախը, այնտեղ էթնիկ զտումներ իրականացնում։ Իսկ հիմա, հաջողությամբ «մարսելով» Արցախը, Ալիևն այժմ հայացքն ուղղել է Հայաստանին։
20-րդ դարասկզբին ստեղծված պետությունը, որը, նույնիսկ, իր անվանումն է վերցրել Իրանից, այժմ հավակնություններ է արտահայտում Հայաստանի և ամեն հայկականի նկատմամբ։ Ալիևյան քարոզչամեքենայի հիվանդ երևակայությունը՝ "խաղաղության դարաշրջանի" քողի տակ, որոշել է Հայաստանի տարածքն անվանել "Արևմտյան Ադրբեջան"։ Եթե միայն դրանով գործն ավարտվեր... Բայց՝ ոչ, հետո արդեն սկսվել են խոսակցություններն ադրբեջանցիների, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջան"՝ իրենց տները վերադառնալու մասին։
Իսկ սեփական ժողովրդի մտքում այդ գաղափարը մշտապես ներդնելու նպատակով ալիևյան քարոզչամեքենան սկսել է տարատեսակ միջոցառումներ իրականացնել այդ քողի տակ։ Այսպես, երբեմնի հայկական Նախիջևանում, որը խորհրդային իշխանությունները, ինչպես և Լեռնային Ղարաբաղը, նվիրել էին Ադրբեջանին, անցկացվել է "Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան" փառատոնը և "Արևմտյան Ադրբեջան վերադարձի Ճանապարհ" խորագրով կոնգրեսը, որտեղ մատուցվել են հայկական խոհանոցի ուտեստներ։
Եվ այս ամենին հետևելով՝ ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանում խաղաղություն չի լինի, քանի դեռ Հայաստանը հակահարված չի տվել անլիարժեքության բարդույթով տառապող Ալիևին, ով խաղադրույք է կատարում ավագ եղբոր՝ Էրդողանի օգնության վրա։ Իսկ տխրահռչակ "խաղաղության դարաշրջանը" տարածաշրջանային այս երկու գիշատիչների աչքերով, որը վերջին երեք տարիներին այդքան կատաղի կերպով քարոզվում է նրանց կողմից և, ցավոք, վայելում է հայկական իշխանությունների աջակցությունը, ոչ այլ ինչ է, քան՝ Հարավային Կովկաս առանց հայերի։