Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զանգվածային արտահոսք Հայաստանից չկա։ Այդ մասին նոյեմբերի 23-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Արտագաղթի երևույթներ չեն դիտվում, որովհետև առաջին օրերին բավականին տագնապալի էր մեկնողների թիվը, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ մեկնում են, պարզապես, հարազատների հրավերով, մենք տեսնում ենք, որ իրավիճակը կայունացել է", - ասել է Փաշինյանը:
Փաշինյանի կարծիքով՝ դա նշանակում է, որ կառավարության ընդունած որոշումներն արդյունք ունեն։ "Բայց դա չի նշանակում, որ մենք լուծել ենք այդ մարդկանց բոլոր խնդիրները", - նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի ասելով, այն պայմաններում, երբ արցախցիներն օբյեկտիվորեն չեն կարողանա կամ չեն ցանկանա վերադառնալ Արցախ, ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրանք մնան Հայաստանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանից հեռացել է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 3 հազար փախստական: "Չեմ ուզում հետևություններ անել, հնարավոր է, նրանցից ոմանք այցելել են իրենց հարազատներին։ Հուսով եմ, որ մենք շատ հստակ ուղերձ ենք հղում, և կրկին կոչ եմ անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եղբայրներին ու քույրերին որպես առաջնային ծրագիր դիտարկել Հայաստանում բնակվելը", - ասել է Փաշինյանը ։ Նա նշել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է նրանց օգնելու համար, և եթե նրանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ անհնար լինի, ապա ամեն ինչ կարվի, որպեսզի նրանք մնան Հայաստանում: