


Ջուդիթ Ֆարնուորթը կլինի Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը:
Ինչպես հաղորդում է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքը, Ֆարնուորթն այդ պաշտոնում Քեթրին Լիչին կփոխարինի 2015 թվականի սեպտեմբերին: Լիչը կզբաղեցնի այլ դիվանագիտական պաշտոն:
«Ես ուրախ եմ այդ նշանակման առնչությամբ: Մեծ առանձնաշնորհ է ծառայել այդքան հարուստ պատմություն և մշակույթ ունեցող երկրում: Հիմնվելով ներկայիս դեսպանի և դեսպանատան թիմի ձեռքբերումների վրա` ես անհամբերությամբ եմ սպասում ՀՀ կառավարության հետ աշխատանքին` երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար` հանուն Հայաստանի և Մեծ Բրիտանիայի բարօրության», - նշել է Ֆարնուորթը:
Ջուդիթ Ֆարնուորթը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում սկսել է աշխատել 1991 թվականից և ներկա պահին զբաղեցնում է Ղրղըզստանում դեսպանի պաշտոնը: Ֆարնուորթը հետխորհրդային և Կենտրոնական Եվրոպայի երկրների հարցերի մասնագետ է: Որպես վերլուծաբան աշխատել է Ուկրաինայում, Չեխիայում, Լատվիայում և Ղրղըզստանում:
Քեթրին Լիչն արդեն Ֆարնուրոթին շնորհավորել է նոր նշանակման կապակցությամբ: «Ուրախ եմ, որ հեռանալով պաշտոնից, դեսպանությունը թողնում եմ այսպիսի հուսալի ձեռքերում: Ջուդիթ Ֆարնուորթը տարածաշրջանուըմ աշխատանքի մեծ փորձ ունի: Համոզված եմ, որ նա կվայելի հայ գործընկերների հետ հաճելի և ջերմ շփումը», - գրել է Լիչը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության կայքում:


