Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպայի հարցերով ՄԹ պետական նախարար Լեո Դոքերթիին:
Ինչպես հաղորդում է Ալիևի պաշտոնական կայքը, հանդիպման ժամանակ Դոքերտին ընդգծել է, որ Լոնդոնը հպարտանում է Բաքվի հետ երկար տարիների շատ կարևոր քաղաքական, տնտեսական, առևտրային և էներգետիկ կապերով: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն Եվրոպային էներգիայի զգալի մատակարար է, այլև Հարավային Կովկասի կարևոր, պատասխանատու երկիր է, և առանց Ադրբեջանի Եվրոպայում խաղաղություն և անվտանգություն չէր լինի:
Ալիևն, իր հերթին, նշել է, որ երկու երկրների տնտեսական կապերը սկսվել են էներգետիկ ոլորտում համագործակցությունից, երկար տարիներ BP ընկերության հետ իրականացվում է արդյունավետ փոխգործակցություն ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Նա գոհունակությամբ ընդգծել է, որ երկրում կատարված ներդրումները ցույց են տալիս Բաքվի կողմից ցուցաբերվող վստահությունը:
Երկրի ղեկավարը նաև հայտարարել է, որ տարիներ առաջ Ադրբեջանում BP ընկերության գործունեության սկիզբը կարևոր դեր է խաղացել երկրի տնտեսական զարգացման գործում, հավելելով, որ ներկայումս ընկերության հետ համագործակցությունը նոր փուլ է թևակոխել վերականգնվող էներգիայի ոլորտում:
Պարծենալով Արցախի դեմ ագրեսիայով և հայաթափմամբ ՝ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս ոչ մի խոչընդոտ չկա: Նրա հավաստմամբ ՝ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության ՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար:
Դոքերտին ի պատասխան նշել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել այդ գործընթացին ։