Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը չի մասնակցի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին և լիագումար նիստին, որը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին: Այդ մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չի կայացրել, բայց տեղին չեմ համարում իմ մասնակցությունն առաջիկա միջոցառմանը՝ ստեղծված իրավիճակում: Կազմակերպությունը չի կատարել և չի կատարում իրեն վերապահված գործառույթները: Այս առումով՝ ինչու՞ պետք է գնամ, կարո՞ղ եք ինձ բացատրել»,- ասել է խոսնակը:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը չմեկնելու իր որոշման մասին հայտարարել էր նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: Մինչ այդ Մինսկում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին չմասնակցելու մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործընկերների հետ հանդիպումների չեն գնացել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: