Արմինֆո.Ֆրանսիայում լույս է տեսել Միսաք Մանուշյանին նվիրված գիրք, որը ներառում է նրա ստեղծագործությունները, նամակները, չհրապարակված փաստաթղթեր։
Գրքում հրապարակվել են Միսաքի զինակից Մելինե Մանուշյանի վկայությունները: Գրքում կան նաև փաստաթղթեր, որոնցից մի քանիսը նախկինում չեն տպագրվել, որոնք նոր լույս են սփռում դիմադրության այս մեծ գործչի, բանաստեղծի, արվեստի և երաժշտության կրքոտ երկրպագուի անձի վրա: Գիրքը բաղկացած է 320 էջից:
Հիշեցնենք, որ Միսաք Մանուշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների դեմ ֆրանսիական զինված դիմադրության առաջնորդն էր: Նա գլխավորել է "Ազատ հրաձիգներ և ֆրանսիացի պարտիզանները"՝ դիմադրության խմբերից մեկը, որը բաղկացած էր, հիմնականում, Հունգարիայից, Ռումինիայից և Լեհաստանից ներգաղթյալներից:
Մանուշյանը ծնվել է 1906թ. Արևմտյան Հայաստանում՝ Ադըյամանում: Նա վերապրել է Ցեղասպանությունը։ Միսաքի ծնողները զոհվել են կոտորածի ժամանակ, սակայն նա եղբոր հետ կարողացել է փախչել և հասնել Մարսել ։ Համոզված կոմունիստ Մանուշյանը Ֆրանսիայում դարձել է տեղի Կոմկուսի անդամ։ Միսաք Մանուշյանի նախաձեռնությամբ Փարիզում 1930 թվականին հիմնադրվել է "Ֆրանս-հայկական նորագույն գրողների ընկերակցությունը", որի ամբիոնն է դարձել "Զանգ" ամսագիրը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես Մանուշյանը հայտնվել է բանտում, բայց ազատ է արձակվել և միացել Դիմադրության շարժմանը ՝ մի խումբ հայրենակիցների առաջնորդելու համար: 1944-ի փետրվարին Մանուշյանը մահապատժի է ենթարկվել ննացիստների կողմից։ Նա հետմահու արժանացել է "Պատվո լեգեոնի" շքանշանի։ Նրա անունով (ինչպես նաև "Մանուշյանի խմբի" անունով) կոչվել են փողոցներ, հրապարակներ Փարիզում, Վալանսում, Մարսելում, Գարդանում և այլն, նաև՝ Երևանում: Մանուշյանի մասին գրել են Պոլ Էլյուարը, Լուի Արագոնը, Լեո Ֆեռեն, ինչպես նաև Շառլ Ազնավուրը, ում ընտանիքն օգնել էր նրան թաքնվել նացիստներից: