Արմինֆո.Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, չի կարելի անտեսել։ Վերջին մնացած անկախ լրատվամիջոցները և քննադատական ձայները խեղդվում են Ալիևի ռեժիմի և նրա կամակատարների համակարգված ջանքերի արդյունքում: Այդ մասին հայտարարել է նիդերլանդցի լրագրող Թոմաս վան Լինգեն։
"Դա տեղի է ունեցել ընդամենը երկու ամիս անց՝ այն բանից հետո, երբ 120 հազար հայեր վտարվեցին իրենց տներից", - գրել է լրագրողը Twitter-ի իր միկրոբլոգում՝ ռեթվիթ անելով անկարացի բլոգեր եւ սոցիալական ցանցերի մեկնաբան Ջավիդ Աղայի հրապարակումը, որը մասնագիտանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ոլորտում:
Վերջինս, մասնավորապես, գրել է. "Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները կատաղի կերպով հարձակվում են մյուս բոլոր անկախ մեդիա հարթակների, ֆեմինիստական և փաստերի ստուգման կայքերի վրա։ Խոսքի ազատության վերջին փարոսները անմիջական վտանգի տակ են"։
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանում հետապնդումների նոր ալիք է սկսվել ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների և հասարակական գործիչների նկատմամբ: Նոյեմբերի 20-ի երեկոյան հայտնի է դարձել երիտասարդ ակտիվիստ Մուհամադ Կեկալովի ձերբակալության մասին, որը ղեկավարում է փոքրամասնությունների եւ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց պաշտպանությանն ուղղված մի շարք նախագծեր: Բացի այդ, նույն օրը ձերբակալվել են Abzas Media - ի ղեկավարներ Ուլվի Հասանլին և Սևինջ Վագիֆգըզըն։
Նոյեմբերի 21-ին մի խումբ լրագրողներ հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն ձերբակալվածների: Հեղինակները կոչ են արել միջազգային կազմակերպություններին, որոնց անդամ է Ադրբեջանը, գործնական քայլեր ձեռնարկել մամուլի ազատության դեմ անօրինական և ռեպրեսիվ գործողությունները դադարեցնելու համար: Հայտարարությունը ստորագրել են մոտ 50 լրագրողներ, որոնք ներկայացնում են Turan գործակալությունը, Argument.az, Toplum TV, Meydan.tv, "Բաստա" առցանց պարբերականները, RLC, Sancaq TV, Az24saat.org, Azadlq, Kanal-13, OV-Media, TIME TV, ինչպես նաև ֆրիլանսերների խումբ: