Արմինֆո. Ադրբեջանում այլևս տեղ չկա USAID-ի գործունեության համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ի պատասխան USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի հրապարակմանը։
Հաջիևը անհամարժեք ձևով քննադատության է ենթարկել Փաուերին՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախցիներին ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին հաղորդագրությունից հետո։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է Հայաստանին աջակցելու համար, կրկին խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, որոնք ընդունվել էին անցյալ դարի 90-ական թվականների սկզբին ռազմական գործողությունները դադարեցնելու համար և մեկնաբանվում էին Բաքվի կողմից բոլորովին այլ լույսի ներքո, ի դեպ, ինչպես միշտ։
"Ավրորա" մրցանակի բարիքներից գոհ Սամանթան միավորվել է այդ հիմնադրամի հիմնադիր, հայտնի օլիգարխ եւ "կեղտոտ փողեր" լվացող Ռուբեն Վարդանյանի հետ, որը ֆինանսավորել է անջատողականությունն Ուկրաինայում։ Հատկանշական է, որ 2019 թվականին Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել էին պատժամիջոցներ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ՝ փողերի լվացման սխեմաների համար: Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում հայտնվելուց հետո նաև պետական հեղաշրջում էր ծրագրում Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ, որին աջակցում է ԱՄՆ-ը", - հայտարարել է Հաջիևը։ Ըստ երեւույթին, Բաքվում այդպես էլ չեն մարսել այն փաստը, որ Վարդանյանը թողեց ամեն ինչ և գնաց պաշտպանելու Արցախի ինքնորոշման իրավունքը։
"Հանեք դիմակը։ Ադրբեջանում այլևս տեղ չկա ԱՄՆ ՄԶԳ գործունեության համար", - ամփոփել է Հաջիևը՝ թվիթերյան իր գրառման մեջ:
Նշենք, որ նախօրեին Սամանթա Փաուերը հայտարարել էր Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքները հոգալու համար ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու որոշման մասին: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ը ևս 4.1 մլն դոլար մարդասիրական օգնություն կուղարկի արցախցիներին:
"ԱՄՆ-ն Ադրբեջանի ռազմական գործողություններից տուժած քաղաքացիական անձանց կողքին է և աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին ՝ օգնելու կարիքավորներին", - նշել է Փաուերը: