Թե ինչպիսին կլինեն Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները Հայաստանի համար, կախված է Ռուսաստանի արձագանքից, ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Քաղաքագետի կարծիքով, խնդիրն այսօր ամենևին այն չէ, թե Հայաստանի և Բրյուսելի միջև Ռիգայում կստորագրվի արդյոք որևէ համաձայնագիր կամ ոչ, քանի որ շատ ոլորտներում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն այնքան խորն են, որ ինչ-որ բան թղթի վրա ամրագրելը տեխնիկական առումով որևէ բարդություն չի ներկայացնում կողմերի համար:
Խնդիրը, ըստ Սաֆարյանի, հարկավոր է այլ հարթությունում փնտրել: ՙԱնկեղծ ասած`այս պահին չգիտեմ, թե ինչպես դա կընկալվի ռուսական կողմից: Շատ բան կախված է ռուսական գործոնից: Հավանականություն կա, որ ինչ-որ պահի Մոսկվան վտանգավոր կհամարի Հայաստանի և ԵՄ բանակցությունները: Եթե Երևանի և Բրյուսելի միջև ստորագրվելիք հնարավոր փաստաթուղթն այնքան խորը չլինի, որքան DCFTA-ն, որևէ խոչընդոտ Մոսկվայի կողմից չի լինի: Իրականում շատ ասպեկտնեի շուրջ բանակցություններ արդեն տարվել են, և այժմ մնում է ռուսական կողմի զարկերակը շոշափել՚,- ընդգծել է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ վերջերս ելույթ ունենալով ՀՀ խորհրդարանում`ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում`չնայած Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցությանը: Նրա խոսքով, Արևելյան գործընկերության յուրաքանչյուր անդամ երկրի համար Բրյուսելը հստակ ծրագիր ունի:
Ավելի վաղ Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Մանֆրեդ րունդը Երևանում ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել էր որ Եվրամիությունն արևելյան գործընկերների հետ հարաբերություններ կկառուցի`հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունը: Բրյուսելը համագործակցություն կզարգացնի առանձին ոլորտներում: Օրինակ`Հայաստանի համար դրանք դատաիրավական բարեփոխումներն են, քաղաքացիական հասարկության ամրապնդումը, հարկային վարչարարության բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը: ՙԲացի այդ, մեզ մեծ ճկունություն է հարկավոր, որպեսզի հետագայում կարողանանք հաղթահարել ԵՏՄ և Եվրամիության միջև հակասությունները, մրցակցությունը՚,- նշել է գերմանացի խորհրդարանականը: