Արմինֆո. ԱՄՆ-ի հարկատուների դոլարները չպետք է ուղղվեն Ադրբեջան, մի երկիր, որն անկայունություն է բերել տարածաշրջան։ Այդ մասին հայտարարել է հանրապետական սենատոր Մարկո Անտոնիո Ռուբիոն։
"Սենատի իմ գործընկերները համաձայն են, և մենք միասին ընդունեցինք հայերի պաշտպանության մասին օրենքը։ Կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը", - գրել է Ռուբիոն Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել է S. 3000 (IS) - Armenian Protection Act of 2023 հայանպաստ նախագիծը, որն Ադրբեջանին զրկում է ռազմական աջակցությունից:
Նշված փաստաթուղթը նախագահին թույլ չի տալիս օգտվել 107-115 հանրային օրենքից, որը նախագահին հնարավորություն է ընձեռում շրջանցել "Ազատության աջակցության ակտի" 907-րդ ուղղումը, որն արգելում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Ակտը Սենատ է ներկայացվել այս տարվա սեպտեմբերի 29-ին՝ սենատոր Հարի Փիթերսի կողմից։ Եթե նախագիծն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից և ստորագրվի պետության ղեկավարի կողմից, ԱՄՆ նախագահը չի կարողանա շրջանցել 907-րդ ուղղումը և Ադրբեջանին օգնելու համար ֆինանսավորում ստանալ 2024-2025 թվականների բյուջետային հատկացումներից