Արմինֆո.Հրետանային համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած հնդկական Bharat Forge ընկերությունը Հայաստան կմատակարարի MArG 155 ինքնագնաց հաուբիցներ: Այդ մասին հաղորդում է IDRW (Indian Defence Research Wing) պարբերականը։
"Հրետանային համակարգի առաջատար հնդկական արտադրող Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ իր կողմից վերջերս ցուցադրված MArG 155 ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար", - ասվում է հրապարակման մեջ:
"Արտահանման այս համաձայնագիրը ոչ միայն ամրապնդում է Հնդկաստանի պաշտպանական կապերը Հայաստանի հետ, այլև ցույց է տալիս երկրի աճող հնարավորությունները ժամանակակից հրետանային համակարգերի արտադրության մեջ", - գրում է աղբյուրը:
Նշվում է, որ Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի առանցքային մատակարարը: Այսպես, 2020 թվականին երկիրը ձեռք է բերել շարժական ռադիոլոկացիոն չորս Swathi կայանք, իսկ 2022 թվականին Երևանն ու Նյու Դելին 245 մլն դոլարի պայմանագիր են կնքել Pinaka ռեակտիվ կայանքների, հակատանկային հրթիռների և տարբեր զինամթերքի գնման շուրջ։