Արմինֆո.Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աշխատանքն է սկսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը՝ ներառյալ:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հաղորդել են երկրի խորհրդարանում, նստաշրջանն անցկացվում է "ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. Վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու գործում" կարգախոսի ներքո: Նստաշրջանին մասնակցելու համար Երևան են ժամանել շուրջ 50 երկրների 300 պատվիրակներ: Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը չեն մասնակցում նստաշրջանին: Լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն առաջին անգամ է հավաքվում Երևանում: Նրա խոսքով ՝ առավոտից մշտական հանձնաժողովի նիստում ամփոփվել է կազմակերպության ընթացիկ տարվա գործունեությունը:
Նրա խոսքով, օրվա երկրորդ կեսին կսկսվի բուն նիստի աշխատանքը, որտեղ Հայաստանի վարչապետը, ԱԺ նախագահը հանդես կգան ողջույնի խոսքով, ինչպես նաեւ կսկսվի առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության խնդիրներին եւ մարտահրավերներին:
Անդրադառնալով ԵԱՀԿ ԽՎ աշխատանքին Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի չմասնակցելուն՝ Խանդանյանը նշել է, որ այդ երկրները որևէ պարզաբանում չեն ներկայացրել իրենց չմասնակցելու վերաբերյալ: Նրա խոսքով ՝ ռուսական պատվիրակությունը նոյեմբերի 17-ին միայն ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է միջոցառմանը չմասնակցելու մասին։ "Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության չմասնակցելուն, ապա նրանք մի քանի անգամ տարբեր ձևաչափերով հարցեր են բարձրացրել Հայաստանում իրենց անվտանգության վերաբերյալ։ Հայաստանի Ազգային ժողովում պատասխանել են ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ պատգամավորների անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին, բայց, ինչպես տեսնում եք, նրանք չկան: Դա նրանց որոշումն է։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես որևէ տեղեկություն չունեմ միջոցառմանը նրանց չմասնակցելու վերաբերյալ", - ասել է նա։