Արմինֆո. Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը վկայում է միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հանձնառության մասին: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
"Յուրաքանչյուր անդամակցում մեզ մոտեցնում է համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների համար անպատժելիության դադարեցմանը", - գրել է նա:
Իր հերթին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան նշել է. "Եվ ահա, գործն արված է, Հայաստանը վավերագիրն ի պահ է հանձնել ՄԱԿ-ում։ Նրա տարածքում կատարված պաատերազմական հանցագործությունները կարող են քննվել Միջազգային քրեական դատարանի կողմից":
Նշենք, որ Նոյեմբերի 14-ին ՄԱԿ իրավական գրասենյակում տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերագրի ի պահ հանձնման արարողությունը։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վավերագրի բնօրինակը ներկայացրել է ՄԱԿ միջազգային պայմանագրերի բաժանմունքի տնօրենին՝ Հռոմի ստատուտի ավանդապահ հանդիսացող ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից այն ի պահ ընդունելու նպատակով։ Վավերագրի բնօրինակը ՄԱԿ գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով վերջնականացվել է Հռոմի ստատուտին միանալու իրավական գործընթացը, որի արդյունքում Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ անդամը:
ՀՀ Ազգային ժողովը Հռոմի ստատուտը վավերացրել էր հոկտեմբերի 3-ի նիստում: