Արմինֆո. Ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 2025 թվականի հուլիսից կներդրվի էլեկտրոնային ապարանջանների համակարգ։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 17-ին հավանություն է տվել Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանող էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների բազայի վարման կարգին:
Ինչպես հայտարարել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, 2023 թվականին ընդունվել է համապատասխան օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն է տալիս ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում տուժածներին պաշտպանել ավելի արդյունավետ եղանակով, այսինքն, էլեկտրոնային հսկողության միջոցների, այսպես կոչված, էլեկտրոնային ապարանջանների միջոցով։
"Արդյունքում՝ բռնարարը կլինի էլեկտրոնային հսկողության ներքո, ինչպես անհետաձգելի միջամտության, այնպես էլ պաշտպանության միջոցի կիրառման մասին որոշման ընդունման շրջանակներում", - նշել է նա:
Մշտադիտարկման ողջ գործընթացն իրականացվելու է թվային ձևաչափով, ինչը հնարավորություն կտա առանց մարդու մասնակցության հասկանալ, թե արդյոք խախտվել է բռնարարին կցված էլեկտրոնային հսկողության ընթացակարգը, իսկ, եթե՝ այո, ապա ահազանգի միջոցով խախտումը հայտնաբերող ավտոմատ համակարգը ոստիկանությանը հնարավորություն կտա ձեռնարկել համապատասխան միջոցներ:
"Նախագծի ընդունումը առաջընթաց քայլ կլինի ընտանեկան բռնության դեմ պայքարում՝ տեխնոլոգիական լուծումների հաշվին ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու աշխատակիցների ջանքերի արդյունավետության բարձրացման տեսանկյունից", - ընդգծել է Ղազարյանը:
Նման ապարանջաններ Հայաստանում արդեն կիրառվում են, օրինակ, տնային կալանքի և վարչական հսկողության շրջանակներում։ ՆԳՆ-ը նախատեսում է գնել շուրջ 200 ապարանջան։
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը "Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկվածների պաշտպանության եւ ընտանեկան համերաշխության վերականգնման մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելու ընթացքում հաղորդել էր, որ բռնարարի եւ զոհի մոտ կտեղադրվեն էլեկտրոնային հսկողության սարքեր, որոնց օգնությամբ իրավասու մարմին ազդանշան կուղարկվի միմյանց մոտենալու կամ այլ խախտումների դեպքում: Սարքերը (200 հատ) կարժենան 560 մլն դրամ։ Միայն անցած տարվա ընթացքում, Սարգսյանի ասելով, իրավապահ մարմինները ստացել են ընտանեկան բռնության մասին 1547 հաղորդում, 1175 մարդ արդեն հաշվառված է եղել որպես բռնություն գործադրած անձ: Վիճակագրությունն արտացոլում է միայն արձանագրված դեպքերը (բռնության զոհերի զգալի մասը չի հայտարարում այդ մասին)։