Արմինֆո. Ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի <1489 > ֆիլմը IDFA՝ Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում արժանացել է երկու մրցանակի '"Լավագույն ֆիլմ" և FIPRESCI (քննադատների միջազգային մրցանակ ' Հատուկ հիշատակում) անվանակարգերում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:
Մասնավորապես, իր հրապարակման մեջ Ավետիսյանը մեջբերել Է ժյուրիի խոսքերը Շողակաթ Վարդանյանի նկարահանած ֆիլմի վերաբերյալ. <Ֆիլմ, որը հանդես է գալիս որպես թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում հսկայական վշտի թաքնված ներքին լանդշաֆտը և ստեղծում է շոշափելի ներկայություն անտանելի բացակայությունից: Կինոն որպես գոյատևման գործիք՝ թույլ է տալիս բոլորիս տեսնել այն, ինչ մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, ի վերջո, այն կինոյի անմոռանալի օրինակ է՝ որպես սիրո ակտ>:
Նշենք, որ <1489> ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոնում: Ֆիլմը պատմում է Շողակաթի ընտանիքի անձնական ողբերգության մասին, որի եղբայրը (21-ամյա Սողոմոնը) անհետ կորել էր 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աղջիկը հեռախոսի տեսախցիկով նկարահանել է եղբոր որոնումների ողջ գործընթացը, որն ուղեկցվել է անտանելի ցավով, ընտանիքի համար փորձություններով, սարսափով և, իհարկե, հույսով: Որոնումների ընթացքում, երբ ենթադրաբար հայտնաբերվել են եղբոր մարմնի մնացորդները, որոնք արձանագրվել էին 1489 համարի տակ, Վարդանյանների համար սկսսսվեց ԴՆԹ անալիզների հետ կապված փորձությունների նոր շրջան, որի արդյունքները հայտնի են դարձել միայն մեկուկես տարի անց։
Ուշագրավ է, որ Վարդանյանը կրթությամբ դաշնակահարուհի է, կինոդպրոցներում չի սովորել և ֆիլմի վրա աշխատել է միայնակ՝ օգտագործելով միայն այֆոնի տեսախցիկը և շտատիվ: Սակայն վերջին փուլում երիտասարդ ռեժիսորին աջակցություն և մասնագիտական օգնություն է ցուցաբերել ռեժիսոր և սցենարիստ Մարինա Ռազբեժկինան, ում հետ ծանոթացել էր Դիլիջանում՝ վավերագրողների սեմինարի ժամանակ: Մարինա Ռազբեժկինայի հետ իր հանդիպման մասին Շողակաթը հարցազրույցներից մեկում պատմել է. <Ես գրեթե ավարտված ֆիլմ ունեի, բայց մնում էր նուրբ աշխատանք, և վերջին տեսարանների նյութը պետք է մոնտաժվեր: Երբ ես հանդիպեցի նրան, ես միայն նկարահանեցի ֆիլմի վերջին մասը ՝ եզրափակիչ տեսարանը, երբ մենք, վերջապես, կարողացանք հուղարկավորել Սողոմոնին՝ իմ կրտսեր եղբորը և ամենամտերիմ ընկերոջը։ Մարինա Ալեքսանդրովնայի հետ վարպետության դասին մենք միասին ենք աշխատել այդ նյութի վրա: Բայց դրանից հետո դեռ շատ տքնաջան աշխատանք է կատարվել մանրուքների վրա։ Դրա համար շատ ժամանակ է պահանջվել>: