Արմինֆո.ՀՀ կառավարությունը նոյեմբերի 17-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին" համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Թունիսի Հանրապետությունը հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի բարեկամ պետություն է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը զարգացնում և ընդլայնում է հարաբերությունները երկկողմ և բազմակողմ հարթակներում: Վերջին տարիներին Թունիսի Հանրապետության հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում, այդ թվում ՝ զբոսաշրջության ոլորտում: Թունիսի Հանրապետությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերն է:
Համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է ընձեռում նպաստել Թունիսի Հանրապետության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ակնկալվում է նաև տարբեր մակարդակներով փոխայցելությունների ակտիվացում: