Արմինֆո. Կրեմլը ափսոսում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
"Եթե դա իսկապես այդպես է, ապա կարելի է ափսոսանք հայտնել։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումներն աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները։ Բայց կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքների փոխանակման, դիրքորոշումների հստակեցման համար", - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը ։
Ընդ որում, նա հավելել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձեւաչափը պահպանում է իր արդիականությունը ։ "Եվ այն հանդիպումները, որոնք կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում, վկայում են այդ մասին", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ընդգծել է Պեսկովը:
Մինսկում ՀԱՊԿ խորհրդի նիստից իր բացակայության մասին Փաշինյանն ինքը նախազգուշացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում: Նա հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները կհասկանան այդ որոշումը ։
Հավելենք, որ հոկտեմբերի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մեկնել Բիշքեկ ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: ԱՊՀ ԱԳՆԽ հանդիպմանը չի մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը